Home Information Center News Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առիթով Շիրակի կայազորում կազմակերպվել էր միջոցառում

Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առիթով Շիրակի կայազորում կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, ԵԿՄ անդամներ, զինվորականներ: Քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առթիվ, ապա ներկաներին փոխանցեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքը, որտեղ անդրադարձ էր կատարված բանակի ստեղծմանը, կայացմանն ու հզորացմանը. «Այսօր մեր ժողովուրդը նշում է Հայոց բանակի օրը: Բանակ, որի ձևավորումը ճակատագրի բերումով ընթացավ պատմական մեր հայրենիքի մաս կազմող Արցախ աշխարհի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին զուգահեռ: Թերևս նաև դա է պատճառը, որ մեր հաղթանակած բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ բանակի համարումն ունի, իսկ նրա տոնը՝ մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է»,-ընդգծված էր քաղաքապետի խոսքում: Միջոցառման ընթացքում պատվոգրեր, պարգևներ հանձնվեցին մի շարք զինվորականների, ազատամարտիկների, հայրենիքին մատուցած ծառայությունների, բանակ-հասարակության կապի ամրապնդման գործում իրենց ուրույն ավանդն ունեցած մի խումբ անձանց: