Home Information Center Announcements Հայտարարություն

 Ավելի քան 26 տարի է անցել 1988-ի աղետից, երբ մեր ծաղկուն քաղաքը լրջագույն խնդիրների բախվեց՝ կորցնելով իր տնտեսական պոտենցիալի և բնակֆոնդի մեծ մասը: Խնդիրներ, որոնք առայսօր լուծված չեն, չնայած իրականացված բազմաթիվ պետական և բարեգործական ծրագրերի:
Գյումրիում ներկայումս կա ավելի քան 3520 տնակ, որոնցից 2970-ը բնակեցված է. ավելի քան 9000 մեր համաքաղաքացիներ դեռևս ապրում են անմարդկային պայմաններում, առանց նորմալ ջերմության և անգամ լողանալու հնարավորության: Գյումրիում կա 88 վթարային շենքեր, որոնցում բնակվում են մոտ 1000 ընտանիքներ: Գյումրու փողոցների մոտ 70 տոկոսը քանդված կամ կիսաքանդ վիճակում են: Գործազրկության և աղքատության ցուցանիշները մեր քաղաքում գտնվում են անհանգստացնող բարձր մակարդակում:
Սրանք են այն հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են մեր քաղաքի բնականոն զարգացմանը:
Ակնհայտ է, որ այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսներ: Գյումրին իր ներկա կարգավիճակով և բյուջեով չի կարող նույնիսկ ոչ թե բեկում, այլև նկատելի տեղաշարժ ապահովել վերոնշյալ հարցերում: Ազատ մնացած գումարով հնարավոր չէ և քաղաքի ընթացիկ խնդիրները լուծել, և վերականգնել քաղաքը: Նորմալ աղբահանություն, փողոցների լուսավորում, բարեկարգման աշխատանքներ, շենքերի տանիքների ու մուտքերի նորոգում, փոքր սոցիալական օգնություններ ծայրահեղ պայմաններում գտնվող մեր համաքաղաքացիներին և տարեկան մեկ կամ երկու փողոցների ասֆալտապատում. սա է այն առավելագույնը, որ հնարավոր է անել մեր քաղաքի միջոցներով:
Ինչը, իհարկե, չի կարող բավարարել ոչ ինձ և ոչ էլ Ձեզ:
Որպես Գյումրու քաղաքապետ, վստահ եմ, որ միայն ամենալայն կոնսոլիդացիայի ճանապարհով և պետական հստակ ծրագրերի իրագործմամբ է հնարավոր Գյումրու համար բեկումնային ու առաջանցիկ զարգացում ապահովել:
Իրավիճակն այնպիսին է, որ անհրաժեշտ է մարզային ու քաղաքային իշխանությունների, Ազգային ժողովի պատգամավորների, ավագանու անդամների, քաղաքացիական սեկտորի, հայրենակցական միությունների, մտավորականության և սփյուռքի մեր հայրենակիցների համախմբված աշխատանքը:
Խնդրի լուծումը տեսնում եմ Գյումրու նոր կարգավիճակի և ֆինանսավորման մեջ, ինչի հետ կապված անհրաժեշտ է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ բաց եմ ցանկացած առաջարկի և գաղափարի քննարկման համար:


ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ