Home Information Center Announcements Հայտարարություն

Հարգելի գյումրեցիներ,

Գյումրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար անհրաժեշտ գործողություների և միջոցների մասին հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Բոլոր գյումրեցիներին ևս մեկ անգամ կոչ եմ անում պահպանել հանդարտություն և զգոնություն, խուճապի չմատնվել: Գյումրեցին շատ ու շատ դժվար իրակիճակներ է հաղթահարել, ծանր օրեր վերապրել, բայց բոլոր իրավիճակներից պատվով է դուրս եկել իր համախմբվածության, բացառիկ անհատականության, թասիբի ու կամքի շնորհիվ: Վստահ եմ՝ մեր միասնականությունը, համախմբվածությունն ու թասիբը մեզ կօգնեն այս դժվար իրավիճակը ևս պատվով հաղթահարել:
Երկրում տիրող իրավիճակի և զարգացումների առաջին իսկ օրերից անցկացրել եմ քննարկումներ ու խորհրդակցություններ քաղաքապետարանի բոլոր բաժինների ղեկավարների մասնակցությամբ և հանձնարարել.


1. Ստեղծել շտաբ, որը կզբաղվի կորոնավիրուսի կանխարգելմանն առնչվող հարցերով:


2. Եվս մեկ անգամ մեր ազգաբնակչությանը հորդորել պաշտպանել հիգենիայի կանոնները, որի մասին մանրամասն ներկայացված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելող տեղեկատվական թերթիկներում: Տեղեկատվական թերթիկները փակցված են գրեթե ամենուր:


3. Հորդորել մեր ազգաբնակչությանը զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և անցկացումից (հարսանիք, ծնունդ, խնջույքներ):


4. Դադարեցնել ապօրինի կերպով կազմակերպվող բացօթյա առևտուրը: Քաղաքապետարանի համապատասխան բաժիններին տրվել են հանձնարարականներ՝ նշված գործընթացների կազմակերպման և դրանց իրականացման հարցում ցուցաբերել մաքսիմալ հետևողականություն: Հորդորել մեր ազգզբնակչությանը՝ որևէ տեղ բացօթյա առևտրի հանդիպելիս չօգտվել այդ միջոցով մատուցվող ապրանքներից: Վիրուսի տարածման հավանականությունն տվյալ դեպքում բավական մեծ է:


5. Ամեն օր ախտահանել համաքաղաքային տրանսպորտը, տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններին և անհատ տաքսու վարորդներին հորդորել ամեն օր իրականացնել մեքենաների ախտահանման գործընթաց:


6. Ամենօրյա ռեժիմով ախտահանման գործընթաց իրականացնել կոմունալ ծառայության աղբատար մեքենաներում, ախտահանել քաղաքի ողջ տարածքում տեղադրված աղբամանները: Աղբի հեռացումն իրականացնել օրվա ընթացքում 2 անգամ:


7. 60-ից բարձր և ռիսկային խմբի աշխատակիցների աշխատանքը կազմակերպել հեռահար տարբերակով։ Հարգելի համաքաղաքացիներ, եթե չի լինի շինարարական աշխատանքներին առնչվող հարցերի անհետաձգելի հրատապություն, խնդրում ենք քաղաքապետարանի համապատասխան բաժիններ դիմել ավելի ուշ, ստեղծված իրավիճակի կարգավորումից հետո:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան